2026 թվականի օգոստոսի 3-ից 16-ը Ռուս-Հայկական համալսարանը Բեռլինի Հումբոլդտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ համատեղ Network East-West նախագծի շրջանակում իրականացրեց ամառային փոխանակման ծրագիր։
Այս տարի ծրագիրը նվիրված էր «Դատավարական իրավունքը որպես միասնական համակարգ․ սահմանադրական, քրեական, վարչական և քաղաքացիական դատավարություն» (Procedural Law as a Unified System: Constitutional, Criminal, Administrative and Civil Adjudication) թեմային։ Հայաստանում և Գերմանիայում անցկացված երկու հագեցած շաբաթների ընթացքում ուսանողները համեմատական տեսանկյունից ուսումնասիրեցին դատավարական իրավունքի տարբեր ճյուղերը և քննարկեցին սահմանադրական, քրեական, վարչական ու քաղաքացիական արդարադատության հիմքում ընկած սկզբունքներն ու մեխանիզմները։
Ծրագիրը համատեղում էր ակադեմիական քննարկումներն ու իրավական հաստատությունների գործունեությանը գործնական ծանոթությունը՝ մասնակիցներին հնարավորություն տալով խորացնել դատավարական իրավունքի վերաբերյալ գիտելիքները և ուսումնասիրել Հայաստանի ու Գերմանիայի դատական և պետական հաստատությունների գործունեությունը։
Ծրագրի կազմակերպիչներն էին ՌՀՀ ուսանողներ Աննա Երիցյանը և Արինա Հովսեփյանը, նախագծի տյուտորներն էին մագիստրատուրայի ուսանողներ Աիդա Նաջարյանը և Կառլոս Ադամյանը։
Հայաստանում անցկացված առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան և Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարան։ Այցերի շրջանակում անցկացված դասախոսություններն ու մասնագիտական քննարկումներն ուսանողներին հնարավորություն տվեցին անմիջականորեն ծանոթանալ դատական համակարգի գործունեությանը և ուսումնասիրել սահմանադրական, քաղաքացիական, քրեական ու վարչական դատավարությունների գործնական առանձնահատկությունները։
Ծրագրի երկրորդ շաբաթն անցկացվեց Բեռլինում։ Ուսանողները այցելեցին Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ ծանոթացան խորհրդարանի կառուցվածքին, գործունեությանը և Գերմանիայի սահմանադրական համակարգում դրա դերին։ Ակադեմիական ծրագրի շրջանակում տեղի ունեցան նաև հանդիպումներ և դասախոսություններ Հայ-գերմանական իրավաբանների միության անդամների հետ, որոնք հնարավորություն տվեցին իրավական պրակտիկայի և դատավարական իրավունքի մի շարք հարցեր դիտարկել հայ-գերմանական համեմատական տեսանկյունից։
Ամառային փոխանակման ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց համատեղել ակադեմիական կրթությունն ու գործնական իրավական փորձը միջազգային միջավայրում։ Դասախոսությունների, դատական և պետական հաստատություններ կատարած այցելությունների, մասնագիտական քննարկումների և ինտերակտիվ աշխատանքների շնորհիվ ուսանողները զարգացրեցին իրենց վերլուծական և իրավական մտածողության հմտությունները, ինչպես նաև ընդլայնեցին պատկերացումները դատավարական իրավունքի և տարբեր իրավական համակարգերի վերաբերյալ։