research
  • 04 Նոյ
  • 2026

ՌՀՀ Իրավուքնի ինստիտուտի ուսանողները մասնակցել են «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթին

    Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ուսանողների մասնակցությունը նման նախաձեռնություններին կարևոր հնարավորություն է մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու, դատական հռետորաբանության հմտությունները զարգացնելու և պետական շահերի պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկային ծանոթանալու համար։

    2026 թվականի հոկտեմբերի 24-ին «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի մասնակիցները մասնակցել են մրցույթին նվիրված վարպետության դասի, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև դատական ելույթի պատրաստման և ներկայացման գործնական հմտություններին։

    Վարպետության դասի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է մրցույթի նպատակն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ այն նվիրված է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։ Նա անդրադարձել է նաև քաղաքացիական գործերով դատախազության մասնակցության ինստիտուտի զարգացման կարևորությանը։

    Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներկայացրել են պետական շահերի դատական պաշտպանության իրավական առանձնահատկությունները, այդ թվում՝ քաղաքացիական հայցերի ներկայացման, հայցային վաղեմության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և պետական ու համայնքային շահերի պաշտպանության հարցերը։

    Վարպետության դասի շրջանակներում մասնակիցները ստացել են նաև գործնական խորհուրդներ դատական ելույթի կազմման, փաստարկների համակարգման և արդյունավետ ներկայացման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին ներկայացվել են մրցույթի կանոնները, անցկացման կարգն ու ժամանակացույցը։